ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՆԻԿԻՏԱ ՄՆԴՈՅԱՆՑԻ ՀԵՏ

23 Օգոստոսի 2022

Օգոստոսի 24-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայնի դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը:

Օգոստոսի 24-ին (չորեքշաբթի) ժամը 11։00-13:00 «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը:


Նույն օրը նա ելույթ կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


___

Ինը տարեկանում Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ հանդես է եկել մենահամերգով Հելսինկիում: 23 տարեկանում նա դարձել է ՌԴ Կոմպոզիտորների միության անդամ:


Նիկիտա Մնդոյանցը մշտապես հանդես է գալիս Եվրոպայում, Ասիայում և ԱՄՆ-ում՝ հեղինակավոր համերգասրահներում. Մոսկվայի կոնսերվատորիայի hամերգասրահ, Չայկովսկու անվ. համերգասրահ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի և Մարիինյան թատրոնի համերգասրահներ, Փարիզի Salle Cortot և Auditorium du Louvre, Նյու Յորքի Weil Recital Hall, Բրյուսելի Bozar և այլ համերգասրահներ:


2012-ից Ն. Մնդոյանցը որպես դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրանսիայի Վիսամբուրգի միջազգային երաժշտական փառատոնի մշտական մասնակից է, ինչպես և Շոպենի անվան (Լեհաստան), Klavier Festival Ruhr (Գերմանիա), IKIF (ԱՄՆ), Brevard Music Festival (ԱՄՆ), «Лики современного пианизма» (Սանկտ Պետերբուրգ) և այլ փառատոների մասնակից: