ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲՐԱՆՈՆ ՉՈՅԻ ՀԵՏ

18 Օգոստոսի 2022

Օգոստոսի 19-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Բրանոն Չոն:

Օգոստոսի 19-ին (ուրբաթ) ժամը 11։30-13:30 «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Բրանոն Չոն:


Հաջորդ օրը՝ օգոստոսի 20-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


___

Թավջութակահար Բրանոն Չոն Պաուլոյի անվան թավջութակի հեղինակավոր 6-րդ միջազգային մրցույթի առաջին, ինչպես նաև Եղիսաբեթ թագուհու, Նաումբուրգի և Կասադոյի թավջութակի միջազգային մրցույթների գլխավոր մրցանակակիրն է։


Բրանոն Չոն հանդես է եկել որպես մենակատար աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, այդ թվում՝ Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մինեսոտայի նվագախմբի, Եվրոպայի կամերային նվագախմբի, Բելգիայի ազգային նվագախմբի, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բրյուսելի ֆիլհարմոնիկի հետ: