Կրթաթոշակառու Սամվել Դավթյանը հրավիրվել է հանդես գալու որպես Համակովկասյան երիտասարդական նվագախմբի անդամ

30 Մայիսի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը ս․/թ․ օգոստոսի 16-ից սեպտեմբերի 11-ը հանդես է գալու որպես Ցինանդալիի Համակովկասյան երիտասարդական նվագախմբի (PCYO) անդամ։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը հրավիրվել է հանդես գալու որպես Ցինանդալիի Համակովկասյան երիտասարդական նվագախմբի (PCYO) անդամ ս․/թ․ օգոստոսի 16-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։ Նախագծի դիմորդները Վրաստանում կամ տարածաշրջանի այլ երկրներից մեկում ծնված 18-28 տարեկան երաժիշտներ են, որոնք ընտրվելու դեպքում հրավիրվում են մասնակցելու և ելույթ ունենալու նվագախմբի 4 շաբաթ տևողությամբ ինտենսիվ վերապատրաստման ծրագրում։


Համակովկասյան երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2019 թվականին, այն լիարժեք սիմֆոնիկ նվագախումբ է՝ երաժշտական ​​ղեկավար Ջիանանդրեա Նոսեդայի ղեկավարությամբ։ Նվագախումբը մշտապես հանդես է գալիս Վրաստանի Ցինանդալի փառատոնում՝ սկսած 2019թ․ սեպտեմբերին փառատոնում իր առաջին ելույթից: Ցինանդալի փառատոնը վրացական շահույթ չհետապնդող հիմնադրամ է: Նրա հիմնական նպատակն է խթանել երաժշտությունը տարածաշրջանում, Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Փառատոնը Ցինանդալի է հրավիրում լավագույն կատարողներին, դիրիժորներին, կոմպոզիտորներին, երաժշտագետներին և արվեստագետներին ամբողջ աշխարհից: Փառատոնը կոչված է հնարավորություններ ստեղծելու Կովկասի և հարևան երկրների երիտասարդ երաժիշտների համար՝ ուսումնասիրելու երաժշտության աշխարհը և զարգացնելու իրենց երաժշտական ​​կրթությունը մասնագիտական ​​սեմինարների և վարպետության դասերի միջոցով, որոնք վարում են դասական երաժշտության այսօրվա ամենավառ ներկայացուցիչները:

---

Նշենք, որ Սամվել Դավթյանը սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի 1-ին կուրսում, ուսուցիչ՝ Պարգև Աղաբեկյան։ Նա նաև «ԵրազԱրտ» ծրագրի ուսանող է, ուսուցիչ՝ Մատիաս Վարելա։