Ջութակի վարպետության դաս Սերգեյ Դոգադինի հետ

28 Ապրիլի 2022

Մայիսի 1-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Սերգեյ Դոգադինը։

Մայիսի 1-ին (կիրակի), ժամը 11։30-14։30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Իսկ մայիսի 2-ին Ա․ Խաչատրյան համերգասրահում վերջինս հանդես է գալու համերգային ծրագրով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ 

---

Միջազգային հեղինակավոր մի շարք մրցույթներում փայլուն հաղթանակներ գրանցած Սերգեյ Դոգադինը համարվում է իր սերնդի լավագույն ջութակահարներից մեկը: 


Դոգադինը բազմաթիվ ելույթներ է ունեցել հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Royal Philharmonic Orchestra-ն (Լոնդոն), Philharmonia-ն (Լոնդոն), Budapest Symphony Orchestra-ն, Münchener Kammerorchester-ը, English Chamber Orchestra-ն, Shanghai Symphony Orchestra-ն, Taipei Philharmonic-ը, Russian National Philharmonic Orchestra-ն, Mariinsky Orchestra-ն և այլն։ Հանդես է եկել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Յուրի Տեմիրկանովը, Վլադիմիր Սպիվակովը, Վասիլի Սինայսկին, Յուրի Սիմոնովը, Թոմաս Սանդերլինգը, Դմիտրի Լիսը և ուրիշներ։


Սերգեյ Դոգադինը նաև հանդիսանում է հրավիրված դասախոս և վարպետության դասեր է տալիս տարբեր երկրներում, ինչպիսիք են՝ Չինաստանը, Լատվիան, Սինգապուրը և այլն։