Դաշնամուրի վարպետության դաս Ֆրեդի Քեմպֆի հետ

15 Մարտի 2022

Մարտի 16-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ֆրեդի Քեմպֆը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար ս․/թ․ մարտի 16-ին (չորեքշաբթի), ժամը 10։00-13։00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ֆրեդի Քեմպֆը։ Իսկ մարտի 17-ին նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) Ա․ Խաչատրյան համերգասրահում։


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


–––

Ֆրեդի Քեմպֆը այսօրվա ամենահաջողակ դաշնակահարներից է, որը ելույթ է ունենում մեծաքանակ հանդիսատեսի առջև ամբողջ աշխարհում: Լինելով բացառապես օժտված երաժիշտ և ունենալով լայն ռեպերտուար՝ Ֆրեդին յուրահատուկ համբավ է ձեռք բերել որպես խորը երաժշտականությամբ օժտված արտիստ և կատարող, ով չի վախենում ռիսկի դիմել։ Ծնված լինելով 1977թ․ Լոնդոնում՝ Ֆրեդին իր կոնցերտային դեբյուտն արել է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 8 տարեկանում, ապա հանրային ճանաչում է ձեռք բերել 1992թ․-ին՝ հաղթելով BBC-ի «Տարվա երիտասարդ երաժիշտ» մրցույթում։


Ֆրեդին համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Järvi, Dutoit, Sawallisch, Sanderling, Chailly, Ashkenazy, Petrenko, Oramo, Davis, Belohlavek, Temirkanov, Altinoglu, Dausgaard և ուրիշներ, և աշխատել է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական հաստատությունների հետ, այդ թվում՝ Թագավորական ֆիլհարմոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բիրմինգհեմ քաղաքի, Գյոթեբորգի սիմֆոնիկ, Բերգենի ֆիլհարմոնիկ, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի, NHK սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Մոսկվայի պետական սիմֆոնիկ, Բուենոս Այրեսի ֆիլհարմոնիկ, Դրեզդենի ֆիլհարմոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ։