top of page
Logo.jpg.jpeg

«ՀԱՅ
ՎԻՐՏՈՒՈԶՆԵՐ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱԿԱԴԵՄԻԱ-ՓԱՌԱՏՈՆ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ս․/թ․ մարտի 26-ից ապրիլի 4-ը Երևանում անց է կացնելու «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 12-22 տարեկան պատանի և երիտասարդ երաժիշտների համար։

Ակադեմիա-փառատոնին կարող են մասնակցել պատանի երաժիշտներ՝ հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, ֆլեյտա, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, սաքսոֆոն, հարվածային գործիքներ (նվագախմբային հարվածային դասական գործիքներ) և դաշնամուր։

Ակադեմիա-փառատոնը ներառում է՝

  • Ակտիվ և պասիվ վարպետության դասեր

  • Դասախոսների և ակադեմիայի մասնակիցների համերգներ

  • Պանելային քննարկումներ Ակադեմիայի դասախոսների մասնակցությամբ

  • Ծանոթացում և շփում ճանաչված երաժիշտների և պրոֆեսորների հետ։

 

Ակադեմիա-փառատոնին ակտիվ մասնակցություն կունենան «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման 2025թ․ ծրագրի կրթաթոշակառուները և մասնակիցները, «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները, ինչպես նաև Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 70 սաները։ Երևանի քաղաքապետարանը ապահովելու է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 70 սաների մասնակցությունը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնին՝ անվճար հիմունքներով։

​Ակադեմիայի վարպետության դասերին պասիվ մասնակցությունը բաց է՝ նախապես գրանցվելու պայմանով (գրանցման հղումը կակտիվանա դասերին ընդառաջ):

​​​​​​

Ակադեմիայի բոլոր ակտիվ մասնակիցները պարտավոր են ներկա գտնվել Ակադեմիա-փառատոնի բոլոր համերգներին և պանելային քննարկումներին։ 

Ակադեմիայի բոլոր ակտիվ մասնակիցները ավարտին կստանան Մասնակցության վկայական:

Վարպետության դասեր

Ակադեմիա-փառատոնի շրջանակում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ստանալ 3 վարպետության դաս (յուրաքանչյուր դասը՝ 45 րոպե տևողությամբ), որոնք վարելու են միջազգային ճանաչում ունեցող հայտնի երաժիշտներ և դասախոսներ։ 

 

Կազմակերպիչները ինքնուրույն են որոշում դասախոս-աշակերտ բաշխումը՝ ելնելով տվյալ դասախոսի ազատ ժամերից։

 

Վարպետության դասերի համար մասնակիցներին նվագակցող չի տրամադրվում։ Մասնակիցները ներկայանում են իրենց նվագակցողների հետ։

 

Վարպետության դասերին պարտադիր չէ ներկայանալ նվագակցողի հետ, եթե ստեղծագործությունը չի նախատեսում նվագակցություն։ 

 

Վարպետության դասերն անց են կացվելու անգլերեն (որոշ դեպքերում՝ հայերեն/ռուսերեն) լեզվով՝ կախված դասախոսից։ Թարգմանություն չի ապահովվելու։

 

Մասնակիցներին չի թույլատրվում կատարել տեսանկարահանում, լուսանկարահանում և ձայնագրություն վարպետության դասերի ընթացքում՝ առանց կազմակերպիչների և դասախոսների համաձայնության։

Եթե Ակադեմիա-փառատոնի անցկացման ընթացքում մասնակիցը բաց է թողնում իր վարպետության դասը անձնական պատճառներով, ապա նրա համար լրացուցիչ դաս չի կազմակերպվում, և հիմնադրամը կարող է որոշում ընդունել նշված դասը անցկացնել այլ մասնակցի հետ։

photo 0085.jpg

Համերգներ

Ակադեմիա-փառատոնի շրջանակում կազմակերպվելու են երեկոյան համերգներ՝ ակադեմիայի դասախոսների և ակադեմիայի ակտիվ մասնակիցների մասնակցությամբ։

 

Համերգի մասնակիցներին ընտրելու են դասախոսները՝ ելնելով վարպետության դասերից։ Դասախոսների ընտրությունը ենթակա չէ բողոքարկման։

Համերգին մասնակիցը պետք է ներկայանա նույն ծրագրով, որը ներկայացնում է վարպետության դասերի ժամանակ։

 

Համերգային ելույթի համար մասնակիցն ինքն է ապահովում իր նվագակցությունը (եթե ստեղծագործությունը կատարվում է նվագակցությամբ)։

 

Ըստ դասախոսի ցանկության՝ ի հավելումն համերգային հիմնական ծրագրի, համերգի ժամանակ մասնակիցները կարող են նաև ելույթ ունենալ կամերային կազմով:

 

Վարպետության դասերի բոլոր ակտիվ մասնակիցները պարտավոր են ներկա գտնվել Ակադեմիա-փառատոնի բոլոր համերգներին։

DX4A8915.jpg

Մասնակցության պայմաններ և դիմելու ընթացակարգ

Ակադեմիա-փառատոնին որպես ակտիվ մասնակից կարող են դիմել՝

  • «Հայ Վիրտուոզներ» 2025 ծրագրի կրթաթոշակառուներն ու մասնակիցները,

  • «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառուները,

  • Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 70 սաները՝ յուրաքանչյուր դպրոցից առավելագույնը 3 աշակերտ՝ 3 տարբեր մասնագիտություններով։ Ընդ որում՝ այս աշակերտները չպետք է հանդիսանան «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման 2025թ․ ծրագրի և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասնակիցներ։​«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներից դիմած  70 աշակերտների համար սահմանում է մասնակցության հետևյակ քանակները՝ ելնելով Ակադեմիա-փառատոնի դասախոսների դասավանդման ժամաքանակից։ 

    • Դաշնամուր – 24 մասնակից

    • Ջութակ / ալտ – 8 մասնակից

    • Թավջութակ – 4 մասնակից

    • Կոնտրաբաս – 6 մասնակից

    • Ֆլեյտա – 4 մասնակից

    • Կլարնետ – 3 մասնակից

    • Ֆագոտ – 3 մասնակից

    • Գալարափող – 6 մասնակից

    • Շեփոր – 4 մասնակից

    • Սաքսոֆոն – 3 մասնակից

    • Հարվածային գործիքներ – 5 մասնակից

 

Եթե Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների վերոնշյալ հայտերի թիվը գերազանցի տվյալ մասնագիտության համար սահմանված քանակը, դիմում-հայտերը կդիտարկվեն համապատասխան մասնագիտության պրոֆեսորի կողմից, որը կընտրի Ակադեմիայի մասնակիցներին։​​

Ակադեմիա-փառատոնին մասնակցելու համար հայտերն ընդունվում են առցանց՝ մինչև մարտի 23-ը ներառյալ։

 

Դիմում-հայտում պետք է ներկայացնել ծրագիր վարպետության դասերի համար՝ դիմորդի նախընտրությամբ մեկ կամ երկու ստեղծագործությունների չմոնտաժված տեսաձայնագրություններ՝ YouTube հղումների տեսքով։ Յուրաքանչյուր ստեղծագործության առավելագույն տևողությունը՝ 15 րոպե։

Դիմում-հայտին պետք է կցել․

  • դիմորդի անձնագիր կամ ծննդյան վկայական,

  • երաշխավորագիր-նամակ դիմորդի երաժշտական հաստատությունից, որտեղ պետք է նշվի դիմորդի անուն/ազգանունը, անձնագրային տվյալները և կատարվի նշում այն մասին, որ դպրոցի տնօրինությունը երաշխավորում է աշակերտի մասնակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցության շնորհիվ։

Երևանի երաժշտական և արվեստի դպրոցները, իրենց հերթին, պետք է հիմնադրամին ներկայացնեն իրենց կրթական հաստատության՝ ակադեմիա-փառատոնի դիմորդների ցանկ՝ ուղարկելով այն հիմնադրամի scholarship@m4f.foundation էլ․ հասցեին։

​​​​

-post-ai-image-5216.png

Մտավոր սեփականության իրավունքներ

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրավունք ունի մշակել դիմորդի տրամադրած տեղեկատվությունը և անձնական տվյալները: Սույն կարգով դիմորդը/մասնակիցը/իր օրինական ներկայացուցիչը տրամադրում է իր համաձայնությունը իր անձնական տվյալների մշակման համար:

 

Բոլոր վարպետության դասերը, համերգները և միջոցառումները կարող են տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ձայնագրվել կամ ուղիղ եթերով հեռարձակվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և նրանց գործընկերների կողմից։

Հիմնադրամը իրավունք ունի ոչ առևտրային նպատակներով օգտագործել, տարածել, իր գործընկերներին փոխանցել ակադեմիա-փառատոնի իրականացման շրջանակներում և/կամ դրա առնչությամբ մասնակցի մասնակցությամբ կատարված լուսանկարները, աուդիո նյութերը և տեսանյութերը, այլ ռեսուրսները, ինչպես նաև սոցիալական հարթակներում տեղադրված և նրա մասնագիտական գործունեությանը վերաբերող ցանկացած ռեսուրս: Նման բոլոր նյութերի տնօրինման իրավունքները պատկանում են բացառապես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին։ 

_edited.jpg

Դիմում-հայտ ներկայացնելով՝ դիմորդը և նրա օրինական ներկայացուցիչը համաձայն են «Հայ Վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի մասնակցության կարգում նշված բոլոր պայմաններին։

Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page