ԾՐԱԳՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) մեկնարկում է իր 2023/2024թթ․ կրթական և զարգացման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների/քոլեջների 10-16 տարեկան հայ տաղանդավոր սաների համար՝ հետևյալ մասնագիտությունների գծով. ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր, տավիղ:
Հիմնադրամի նախորդ տարիների դիմորդներն ու կրթաթոշակառուները ևս կարող են դիմել Ծրագրին։
1.2. Մրցութային ունկնդրումների փուլերը հաղթահարած դիմորդներն ընդգրկվում են որպես Կրթաթոշակառուներ և Մասնակիցներ Հիմնադրամի կրթական և զարգացման 2023/2024թթ. ծրագրի շրջանակում՝ ելնելով Ծրագրում իրենց ներգրավվածության տեսակից` ներկայացված 8․2․ կետում։
2. Մրցույթի անցկացման փուլեր
2.1. Ծրագիրն ընթանում է հետևյալ փուլերով.
-
Առցանց դիմում-հայտի, անհրաժեշտ փաստաթղթերի և տեսաձայնագրությունների ընդունում։
-
Ունկնդրումների անցկացում երկու փուլով․
1-ին փուլ՝ տեսաձայնագրությունների ունկնդրում,
2-րդ փուլ՝ կենդանի ունկնդրումներ Երևանում։
-
Հարցազրույց Հիմնադրամի տնօրենի հետ։
-
Արդյունքների ամփոփում և կրթաթոշակառուների/մասնակիցների ընտրություն։
-
Պայմանագրերի կնքում։
3. Ծրագրին դիմելու պահանջներ ու պայմաններ
3.1. Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է առցանց տարբերակով ներկայացնել․
-
Դիմորդի Oրինական ներկայացուցչի՝ ծնողի կամ խնամակալի (այսուհետ` Օրինական ներկայացուցիչ) կողմից լրացված դիմում-հայտ՝ սեղմելով սույն կարգի 8-րդ կետի վերջում գտնվող «Լրացնել հայտը» կոճակը։
-
Դիմորդի անձնագրի պատճեն (գլխավոր և ծնողների/ծնողի մասին նշումով էջեր) և/կամ ծննդյան վկայականի պատճեն։
-
Դիմորդի փաստացի բնակության վայրի (ոչ հաշվառման վայրի) մասին տեղեկանք:
-
Տեղեկանք դիմորդի երաժշտական հաստատությունից առ այն, որ նա հանդիսանում է տվյալ երաժշտական հաստատության աշակերտ/ուսանող՝ նշելով դասարանը, բաժինը, մասնագիտությունը։
-
Տեղեկություն բոլոր այն ծրագրերի/նախաձեռնությունների մասին, որոնց դիմորդը անդամակցում է/որտեղ դիմորդը ներգրավված է կամ որոնց պատրաստվում է անդամակցել ապագայում՝ մանրամասն ներկայացնելով իր գործունեությունը տվյալ ծրագրին/նախաձեռնությանը անդամակցության/մասնակցության շրջանակներում (ժամանակահատված՝ սկիզբ-ավարտ, երբ/ում հետ/որտեղ է վարպետության դաս ունեցել, երբ/որտեղ/ում հետ է համերգ ունեցել, երբ/ով է գործիք տրամադրել, ինչ միջոցառումներ են նախանշված դիմորդի ներգրավվածությամբ և ինչ ժամկետներում, դիմորդի հիմնական պարտականությունները տվյալ ծրագրի շրջանակներում և այլն)։
-
Դիմորդի կողմից ներկայացվող ծրագրի տեսաձայնագրություն (վիդեոձայնագրություն)՝ YouTube-յան հղման տեսքով։
-
Դիմորդի Օրինական ներկայացուցչի դրամային բանկային հաշվի առկայության մասին տեղեկանք բանկից (ոչ քաղվածք, ոչ մնացորդ, այլ՝ դրամային բանկային հաշվի ռեկվիզիտների (հաշվեհամար, արժույթ` ՀՀ դրամ, և բանկ) մասին տեղեկանք) (այն հաշվեհամարի, որին դիմորդի՝ կրթաթոշակառու դառնալու դեպքում կփոխանցվի կրթաթոշակը):
3.2. Դիմորդը Հիմնադրամի Ծրագրին դիմելիս և հետագայում որպես Կրթաթոշակառու/Մասնակից ներգրավվելու դեպքում կարող է անդամակցել/մասնակցել Հիմնադրամից դուրս միայն այլ այն ծրագրերին/նախաձեռնություններին, որոնք ունեն կրթական բաղադրիչ և նպաստում են Կրթաթոշակառուի կրթական և զարգացման առաջընթացին:
3.3. Հիմնադրամի Խորհուրդը, ելնելով դիմորդի՝ այլ ծրագրերում/նախաձեռնություններին անդամակցության/մասնակցության մասին ներկայացված տվյալներից, իրավունք ունի որոշում կայացնել չընդգրկել դիմորդին Ծրագրում որպես Կրթաթոշակառու/Մասնակից կամ որոշել դիմորդի՝ Ծրագրում ներգրավվածություն տարբերակը (սույն Կարգի 8․2․ կետ)։
3.4. Վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է կցել առցանց լրացված դիմում-հայտին, ապա սեղմել «Դիմել հիմա» կոճակը, որից հետո կստանաք Ծրագրին դիմելու մասին հաղորդագրություն դիմում-հայտում նշված հիմնական էլ փոստի հասցեին։ «Դիմել հիմա» կոճակը սեղմելուց հետո այլևս չեք կարողանա կատարել փոփոխություններ Ձեր դիմում-հայտի, ներկայացված տեսաձայնագրության հղման և կցված փաստաթղթերի մեջ, ուստի նախքան դիմելը համոզված եղեք, որ հայտը ճիշտ և ամբողջական է լրացված։
3.5. Հիմնադրամը, ելնելով դիմորդի ներկայացրած տվյալներից, իրավունք ունի ըստ անհրաժեշտության դիմորդից պահանջել այլ փաստաթղթեր ևս։
3.6. «Դիմել հիմա» կոճակի միջոցով դիմում-հայտը Հիմնադրամին ուղարկելը համարժեք է դիմորդի Օրինական ներկայացուցչի ստորագրությանը և վկայում է, որ դիմորդի Օրինական ներկայացուցիչը և դիմորդը․
-
ծանոթացել են, համաձայն են և անվերապահորեն ընդունում են սույն Կարգի բոլոր դրույթները և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական և զարգացման 2023/2024թթ․ ծրագրի Կրթաթոշակառուների և Մասնակիցների պարտականությունները,
-
առանց առարկության ընդունում են ժյուրիի և Հիմնադրամի Խորհրդի կողմից գրանցվելիք արդյունքները (կայացվելիք որոշումը),
-
տալիս են իրենց համաձայնությունը Հիմնադրամին՝ իրենց կողմից տրամադրած անձնական տվյալների և տեղեկատվության՝ սույն Ծրագրի շրջանակներում մշակելու համար։
-
համաձայն են, որպեսզի Հիմնադրամի այս և այլ տարիների կրթական և զարգացման ծրագրի շրջանակներում դիմորդի մասնակցությամբ արված լուսանկարները, աուդիո նյութերը և տեսանյութերը (այդ թվում՝ Ծրագրին դիմելիս ներկայացվող տեսաձայնագրությունները) օգտագործվեն, տարածվեն և հանրայնացվեն Հիմնադրամի կողմից,
-
պատասխանատու են իրենց ներկայացրած տեղեկատվության և տեսաձայնագրության ճշգրտության, հավաստիության և սույն Կարգում նշված պահանջներին բավարարելու համար:
3.7. Ծրագրին դիմելու համար և Ծրագրում ընդգրկված լինելու ընթացքում դիմորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
-
Դիմորդը պետք է լինի ազգությամբ հայ և բնակվի Հայաստանում:
-
Դիմորդը պետք է լինի ՀՀ երաժշտական/արվեստի դպրոցի կամ երաժշտական/արվեստի քոլեջի սան և նպատակ ունենա շարունակել իր ուսումը նույն մասնագիտությամբ, որով դիմում է ծրագրին:
-
Դիմորդի տարիքը դիմում-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ պետք է լինի 10-16 տարեկանը ներառյալ:
3.8. Ներկայացվող փաստաթղթերի և տեսաձայնագրության թերի լինելու, ինչպես նաև սույն Կարգում նշված պայմաններին չբավարարելու դեպքում դիմորդների հայտերը ենթակա են մերժման, ինչի մասին դիմորդները նախապես կտեղեկացվեն:
4. Ժամանակացույց
4.1. 2023/2024թթ․ ծրագրին դիմելու համար հայտերի, փաստաթղթերի և տեսաձայնագրության ընդունման ժամկետն է մինչև 2023թ․ նոյեմբերի 20-ը ներառյալ:
4.2. Ստացված դիմում-հայտերի ամփոփումից և ունկնդրումների 1-ին փուլի ավարտից հետո դիմորդները գրավոր կտեղեկացվեն ժյուրիի որոշման մասին մինչև ս./թ. դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ իրենց դիմում-հայտերում նշված հիմնական էլ․ փոստի հասցեին ուղարկված նամակի տեսքով։
4.3. Դիմորդի՝ ունկնդրումների 2-րդ փուլ անցնելու դեպքում ունկնդրումներին մասնակցության մանրամասները (այդ թվում՝ անցկացման վայրը և ժամը) նրան կուղարկվեն հրավերի տեսքով:
4.4. Ունկնդրումների 2-րդ փուլը կանցկացվի ս./թ․ դեկտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, որի ավարտից հետո դիմորդները գրավոր կտեղեկացվեն ժյուրիի որոշման մասին։
4.5. Դեկտեմբերի 19-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի հարցազրույց Հիմնադրամի տնօրենի հետ:
4.6. Մինչև ս․/թ․ դեկտեմբերի 27-ը կհայտարարվեն Հիմնադրամի Կրթաթոշակառուների/Մասնակիցների անունները։ Հայտարարելուց հետո նրանց Օրինական ներկայացուցիչների հետ 2024թ․ հունվար ամսվանից կկնքվի պայմանագիր:
4.7. Հիմնադրամը կարող է վերանայել վերոնշյալ ժամանակացույցը՝ կախված ներկայացված հայտերի քանակից։
5. Ելույթի գնահատման չափորոշիչները
5.1. Գնահատման չափորոշիչներն են.
-
Ընտրված ծրագրի համապատասխանությունը մասնակցության պահանջներին, մասնակցի տարիքային և անհատական առանձնահատկություններին:
-
Ստեղծագործության/ների կատարողական մեկնաբանության գեղարվեստական արժանիքները:
-
Կատարողի տեխնիկական հմտությունների մակարդակը:
6. Ունկնդրումներ
6.1. Ունկնդրումների և՛ 1-ին փուլի ժամանակ՝ տեսաձայնագրություն ուղարկելիս, և՛ 2-րդի՝ կենդանի ունկնդրումների ժամանակ դիմորդը պետք է․
-
հանդես գա իր ընտրությամբ ազատ ծրագրով (1 կամ մի քանի ստեղծագործություն), որը պետք է կատարվի անգիր և որն իր կարծիքով լավագույնս կներկայացնի իրեն՝ որպես առաջադրված թեկնածուի։ Ներկայացվող ծրագրի տևողությունը պետք է լինի առավելագույնը 15 րոպե:
-
հանդես գա մենանվագ ստեղծագործության կատարումով (որպես մենակատար)։ Եթե ներկայացվող ստեղծագործությունը/ները կատարվում են նվագակցությամբ, ապա դիմորդը պետք է ինքնուրույն ապահովի նվագակցություն ունկնդրումների երկու փուլի ընթացքում։
6.2. Տեսաձայնագրության սկզբում դիմորդը նախ պետք է ներկայանա՝ ասելով իր անուն-ազգանունը, և նշի հետևյալը. «Տեսաձայնագրությունն արվում է «Երաժշտություն հանուն ապագայի» 2023/2024թթ․ ծրագրին դիմելու համար»: Դիմորդը պետք է իրար ետևից ներկայանա և սկսի նվագել (որպես 1 ամբողջական վիդեո, ոչ թե իրար միացված խոսքի և նվագի վիդեոներ):
Եթե դիմորդը հանդես է գալիս մի քանի ստեղծագործությամբ, ապա նա․
-
կա՛մ յուրաքանչյուր ստեղծագործության համար ներկայացնում է առանձին YouTube-յան հղում և յուրաքանչյուր տեսաձայնագրության սկզբում ներկայանում է վերոնշյալ ձևով,
-
կա՛մ ներկայացնում է 1 տեսաձայնագրություն, որի սկզբում ներկայանում է վերոնշյալ ձևով։
Եթե դիմորդը յուրաքանչյուր ստեղծագործության համար կատարում է առանձին տեսաձայնագրություն, ապա յուրաքանչյուրի սկզբում անուն-ազգանունն ասելն ու նշելը, որ տեսաձայնագրությունն արվում է «Երաժշտություն հանուն ապագայի 2023/2024թթ․ ծրագրին դիմելու համար», պարտադիր պայման է։
-
Նաև, այս դեպքում, բոլոր առանձին ներկայացված ստեղծագործությունների գումարային տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն։
-
Տեսաձայնագրությունները չպետք է լինեն մոնտաժված, և ձայնագրությունը չպետք է ենթարկված լինի մշակման:
6.3. Տեսաձայնագրությունը պետք է լինի արդի և պետք է արված լինի ս․/թ. հոկտեմբերի 25-ից սկսած: Չի թույլատրվում ներկայացնել դիմորդի համերգից արված տեսաձայնագրություն։ Տեսաձայնագրությունը պետք է լինի ամբողջական, չմոնտաժված, նկարահանված լինի 1 տեսախցիկով, ստատիկ ձևով և լինի բարձր որակով (նվազագույնը՝ HD 720p որակով): Տեսաձայնագրությունը հեռախոսով կատարելու դեպքում տեսախցիկը պետք է պահվի հորիզոնական: Տեսագրության մեջ պետք է երևան մենակատարի գործիքն ամբողջությամբ (դաշնամուրի դեպքում՝ ստեղնաշարը), մենակատարի գլուխը, ձեռքերը և մատները։
Ուշադրություն`
Տեսաձայնագրությունները ստուգվելու են, և կարգում նշված պայմաններին չհամապատասխանելու դեպքում դիմորդը որակազրկվելու է։
6.4. YouTube-յան տեսաձայնագրությունը պետք է անվանել հետևյալ կերպ (անգլերենով)` դիմորդի անուն և ազգանուն-Գործիք-M4FF-2023 (օրինակ՝ Petros Petrosyan-Piano-M4FF-2023), իսկ տեղադրված տեսաձայնագրության YouTube-յան նկարագրության (Description) մեջ պետք է անգլերենով նշել կատարվող ստեղծագործության/ների ցանկը: Մի քանի YouTube-յան հղում ուղարկելու դեպքում՝ համարակալել Youtube-ի վերնագրերը (օրինակ՝ Petros Petrosyan-Piano- M4FF-2023-1):
6.5. Ունկնդրումների 2-րդ փուլի ընթացքում դիմորդը կարող է հանդես գալ նույն ծրագրով, ինչ 1-ին փուլում՝ տեսաձայնագրության ընթացքում։
6.6. Դիմորդի՝ ունկնդրումների 2-րդ փուլին՝ Երևանյան լսումներին մասնակցության ծախսերը (օր․՝ տրանսպորտային ծախսեր) հոգում է դիմորդը/Օրինական ներկայացուցիչը։
6.7. Այն դիմորդները, որոնք նախորդ տարիներին նույնպես դիմել են Հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրին, չեն կարող հանդես գալ նախորդ տարիների ունկնդրումների 1-ին կամ 2-րդ փուլերի տեսաձայնագրություններով և ծրագրով։
6.8. Դիմորդի՝ լսումների 2-րդ փուլ անցնելու, բայց լսումներին ներկայանալ չկարողանալու դեպքում դիմորդը/Օրինական ներկայացուցիչն այդ մասին նախապես 2 օր առաջ գրավոր ձևով scholarship@m4f.foundation էլ․ փոստով, պետք է տեղյակ պահի Հիմնադրամին։ Լսումների 2-րդ փուլին մասնակցել չկարողանալու դեպքում երեխան այլևս չի համարվում դիմորդ և չի կարող շարունակել իր մասնակցությունը տվյալ տարվա մրցույթի նախընտրական փուլերին։
7. Ժյուրի
7.1. Դիմորդներին ունկնդրելու է Ժյուրին` բաղկացած Հիմնադրամի գեղարվեստական խորհրդի անդամներից։
7.2. Գեղարվեստական և Հիմնադրամի խորհուրդների որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:
8. Արդյունքների ամփոփում և կրթաթոշակառուների/մասնակիցների խրախուսում
8.1. Արդյունքների ամփոփումից հետո ընտրված լավագույն դիմորդների Oրինական ներկայացուցիչների հետ կնքվելու է Կրթաթոշակառուի/Ծրագրի մասնակցի աջակցության պայմանագիր (Պայմանագիր) 1 տարի ժամկետով:
8․2․ Հիմնադրամի 2023-2024թթ․ կրթական և զարգացման ծրագիրը ենթադրում է Ծրագրում որպես Կրթաթոշակառու/Մասնակից ներգրավվածության հետևյալ տարբերակները․
ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ
1․ Վարպետության դասեր
-
Ակտիվ ՀՀ-ում - Նվազագույնը՝ 5 դաս
-
Ակտիվ online - Նվազագույնը՝ եռամսյակը 1 դաս
-
Ակտիվ արտերկրում - Նվազագույնը՝ 1 դաս
-
Պասիվ - Նվազագույնը՝ 10 դաս
-
Ինտերնետ կապի տրամադրում
2. Բեմական փորձ
-
Համերգ ՀՀ-ում - Նվազագույնը՝ 3 համերգ
-
Համերգ արտերկրում
3. Թանգարանային այցեր
4. Օտար լեզվի դասեր
5. Այցելություն համերգների
-
Այցելություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգներին
6. Ֆինանսական աջակցություն - ամսական 40,000 ՀՀ դրամ
ՄԱՍՆԱԿԻՑ
1․ Վարպետության դասեր
-
Ակտիվ ՀՀ-ում - Նվազագույնը՝ 3 դաս
-
Ակտիվ online - Նվազագույնը՝ կիսամյակը 1 դաս
-
Պասիվ - Նվազագույնը՝ 10 դաս
-
Ինտերնետ կապի տրամադրում
2. Բեմական փորձ
-
Համերգ ՀՀ-ում
3. Թանգարանային այցեր
4. Օտար լեզվի դասեր
5. Այցելություն համերգների
-
Այցելություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգներին
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական և զարգացման 2023/2024թթ․ ծրագրի կրթաթոշակառուների և մասնակիցների պարտականություններ