Ֆագոտի վարպետության դաս Նիկոլայ Պողոսյանի հետ

12 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 13-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի ՀՊՍՆ-ի ֆագոտահարների կոնցերտմայստեր Նիկոլայ Պողոսյանը:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 13-ին (չորեքշաբթի), ժամը 14։30-15։30 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 409 դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆագոտահարների կոնցերտմայստեր Նիկոլայ Պողոսյանը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասը բաց է ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


–––

Նիկոլայ Պողոսյանը 2003 թվականից որպես մենակատար ֆագոտահար աշխատում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ 2005 թվականից՝ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբում, որի հետ 2016 թվականին Չինաստանի Հայկու քաղաքում առաջին անգամ հանդես է եկել նաև որպես դիրիժոր։


Նիկոլայ Պողոսյանը Էմին Խաչատրյանի անվան կամերային համույթների մրցույթի հաղթող է: 2016 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: