Դաշնամուրի վարպետության դաս Ջին Յանի հետ

09 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 11-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի դաշնակահար Ջին Յանը:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 11-ին (երկուշաբթի), ժամը 16։00-19։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի դաշնակահար Ջին Յանը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:  


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


---

Չինացի երիտասարդ դաշնակահար Ջին Յանը հայտնի է իր դաշնամուրային կատարողական ոճի ինտելեկտուալ խորությամբ և ընդգծված կենսականությամբ։ 2011թ․ դառնալով Բոննի «Telekom Beethoven» միջազգային երաժշտական մրցույթի 1-ին մրցանակակիր՝ Ջին Յանը ծավալել է ակտիվ գործունեություն և կատարումներով պարբերաբար հանդես է գալիս Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի խոշոր քաղաքներում։


2019 թվականին դաշնակահարը առաջարկ է ստացել Գերմանիայի Բոնն և Չինաստանի Չենգդու գործընկեր քաղաքներից՝ որպես գեղարվեստական ղեկավար ստեղծելու «Չենգդույի Բեթհովենի մշակութային շաբաթ» ամենամյա փառատոնը։