Ջութակի վարպետության դաս Լավարդ Սկոու-Լարսենի հետ

06 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 8-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար և դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 8-ին (ուրբաթ), ժամը 16։00-19։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 412 դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար և դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:

 

Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։

 

Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:

 

---

Լավարդ Սկոու-Լարսենը բազմաթիվ մրցանակների է արժանացել թե՛ որպես մենակատար, և թե՛ որպես կամերային երաժիշտ։ 1983-1986թթ․ եղել է Զալցբուրգի «Կամերատա ակադեմիայի» անդամ՝ Սանդոր Վեգի գլխավորությամբ։ Սկսած 1991թ․՝ ջութակ է դասավանդում «Մոցարտեում» կոնսերվատորիայում՝ սկզբնական շրջանում հանդես գալով որպես պրոֆեսոր դոկտոր Հելմուտ Զետմայրի օգնական, այնուհետև՝ 2002 թվականից, հիմնելով է իր սեփական ջութակի դասարանը։