Կրթաթոշակառուների համերգ

08 Մայիսի 2021

Կրթաթոշակառուների համերգ Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում

Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների համերգը:


11-ից 17-տարեկան պատանի 10 կրթաթոշակառուներ՝ Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր) կատարեցին Դ. Պոպպերի, Կ. Դավիդովի, Յ.Բախի, Կ.Պիվոնկայի, Ռ.Ֆարնաբիի, Գ. Ֆարնաբիի, Պ. Սարասատեի, Կ. Նիլսենի, Վ. Մոցարտի, Ս. Ռախմանինովի, Վ. Ուսպենսկու, Է. Լալոյի, Ժ. Արբանի ստեղծագործությունները:


Համերգի ավարտին կրթաթոշակառուները միասին ներկայացրեցին Էդվարդ Միրզոյանի «Վալսը»՝ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանի փոխադրությամբ։



Կրթաթոշակառուների ծնողների գնահատմամբ՝ համավարակի պայմաններում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի աշխատակազմին հաջողվեց անել գրեթե անհնարինը՝ ապահովել կրթաթոշակառուների շփումը եւ ձեւավորել թիմային մթնոլորտ:


«Պատանի երաժիշտների շփումը, թիմային աշխատանքը նվագախմբի կազմում չափազանց կարևոր է, եւ շատերի համար դա առաջին փորձն էր: Շատ կարևոր է, որ երեխաները հանդես են գալիս համերգներով, դա անհրաժեշտ փորձառություն է նրանց համար»,- ասաց Նելլի Մարտիրոսյանը՝ կրթաթոշակառու Մարի Հակոբյանի մայրը, նշելով նաև, որ հիմնադրամի՝ կրթաթոշակառուների համար կազմակերպած վարպետության դասերը մասնագիտական մեծ աջակցություն են կրթաթոշակառուների համար:


Կրթաթոշակառու Սաթենիկ Գալստյանի մայրը՝ Լուսինե Պողոսյանը, նշեց, որ հիմնադրամը բավականին մտերմիկ միջավայր է ստեղծել երեխաների համար, հատկապես համերգներին պատրաստվելու ընթացքում. «Իհարկե, համավարակի պայմաններերում, դա բավականին դժվար էր, բայց երեխաները կարողացան բավականին մեծ մասնագիտական փորձ ձեռք բերել համերգներին և վարպետության դասերին մասնակցելով»:


Հավելենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուների հաջորդ համերգը կկայանա մայիսի 12-ին, ժամը՝ 14։00-ին Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում։